44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երկու ամսից կլրանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, սակայն հանձնաժողովը երեկ առաջին բարձրաստիճան պաշտոնյային է հրավիրել «հարցաքննության»։ Փետրվարի 23-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց դեռ որեւէ գործընթաց չի իրականացրել, հանձնաժողովի գործունեության համար ի սկզբանե 6 ամիս էր սահմանված, սակայն հանձնաժողովի առաջարկությամբ հոկտեմբերին երկարաձգվեց ժամկետը եւս 6 ամսով։
Չնայած հանձնաժողովի նախագահությունը հայտարարում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով են ձգվում ուսումնասիրությունները, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության բոյկոտը նրանց զրկել է փոխհրաձգության եւ վերջին պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու հնարավորությունից, ուստի հանձնաժողովը տեւական պարապուրդի մեջ էր։ Հիմա էլ, ասում են, ակտիվացել է, քանի որ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել` ԱԺ որոշմամբ, մինչեւ վեցական ամիս ժամկետով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։