Պուտինի նվիրած հավաքածուն դարձել է Բայդենի ամենաթանկ նվերը 2021-ին
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է պաշտոնատար անձանց նվերների մասին հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն ՝ 2021 թվականին Ջո Բայդենի համար ամենաթանկ նվերը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Խոխլոմայի նախշազարդերով գրենական պիտույքների հավաքածուն, փոխանցում է Shantnews.am-ը։
Խոսքը Խոխլոմայի նկարով «Մոսկվա» հավաքածուի մասին է։ Այն գնահատվում է 12 հազար դոլար։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները նվերներ են փոխանակել 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևի գագաթնաժողովի ընթացքում: Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին է հանձնել բյուրեղապակյա բիզոնի արձանիկ և ավիատոր-ակնոցներ։
Ռուսաստանի նախագահի նվերը փոխանցվել է ԱՄՆ Ազգային արխիվին։ Փաստաթղթում նշվում է, որ եթե ԱՄՆ նախագահը չընդուներ նվերը, ապա կարող էր անհարմար դրության մեջ դնել նվիրատուին և կառավարությանը: Նմանատիպ ձևակերպում է պարունակվում բոլոր մյուս նվերների մեկնաբանություններում։
Երկրորդ ամենաթանկ նվերն այն ժամանակ Աֆղանստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Աշրաֆ Ղանիից էր՝ մետաքսե գորգ։ Այն գնահատվում է 9,6 հազար դոլար։