Ուկրաինայում հակամարտությունը վերածվում է «լոգիստիկ ճակատամարտի». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Արևմուտքին առայժմ չի հաջողվել ապահովել Ուկրաինային հրետանային ռազմամթերքի մատակարարումների կայունությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի խոսքերը Sky News լրատվամիջոցին տված հարցազրույցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը վերածվում է «լոգիստիկ ճակատամարտի»։ ,Մենք Եվրոպայում նման պատերազմ չենք տեսել Երկրորդ աշխարհամարտից ի վեր: ՆԱՏՕ-ի դաշնակիցները և գործընկերները պետք է նաև մեծացնեն արտադրությունը, քանի որ մինչ այժմ մենք աջակցություն ենք ցուցաբերել մեր պահուստներից, սակայն ռազմամթերքի սպառումն Ուկրաինայում շատ ավելի մեծ է, քան արտադրությունըե, - շեշտել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Ուկրաինային զինամթերքի մատակարարումները կայուն չեն:
«Ուկրաինային աջակցությունը պահպանելու միակ միջոցը պաշտպանական արդյունաբերության հետ փոխգործակցությունն է՝ համոզվելու, որ դաշնակիցները երկարաժամկետ պայմանագրեր են կնքում», - ասել է նա Sky News-ին: Միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային «այնքան, որքան կպահանջվի»։
«Մենք չենք կարող թույլ տալ (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին հաղթել Ուկրաինայում: Դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա նաև վտանգավոր կլինի մեզ համար», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն այժմ գլխավոր շեշտադրումն այն է, որպեսզի Ուկրաինան հաղթի՝ որպես Եվրոպայում ինքնիշխան անկախ երկիր: