Հունգարիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է երկրների երկխոսությանն աջակցելու համար
ՄԱԿ-ը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի տարբեր դիրքորոշումներ պաշտպանող երկրները կարողանան երկխոսություն վարել, այլ ոչ թե նրա համար, որ ամբողջ աշխարհում միմյանց համախոհ պետությունները միավորվեն դաշինքների մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
«ՄԱԿ - ը ստեղծվել է ոչ թե նրա համար, որպեսզի բոլոր հարցերում նույն տեսակետը ներկայացնող երկրները միավորվեն դաշինքներում, այլ նրա համար, որ լինի հարթակ, որտեղ կարող են միմյանց հետ խոսել նաև նրանք, ովքեր թշնամական հարաբերությունների մեջ են»,- ասել է Սիյարտոն:
Նա կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ը պետք է շատ լուրջ դեր խաղա, որպեսզի վերջապես խաղաղություն հաստատվի: «Դրա համար պետք է լինի ռուս-ամերիկյան երկխոսություն, իսկ ՄԱԿ-ը դրա համար լավագույն հնարավորությունն ու հարթակն է առաջարկում»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը:
Սիյարտոն հայտնել է, որ օրվա ընթացքում մտադիր է հանդիպել Ճապոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի և Վրաստանի իր գործընկերների հետ: