Ղազախստանը սկսել է Գերմանիա նավթ արտահանելու գործընթացը
Ղազախստանի «ՂազՏրանսՕյլ» ազգային ընկերությունն սկսել է ղազախական նավթի ընդունումը Գերմանիա փոխադրելու համար, հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Այսօր՝ փետրվարի 23-ին, «ՂազՏրանսՕյլ» ԲԲԸ-ի գլխավոր նավթատարների համակարգում սկսվել է ղազախական նավթի ընդունումը Գերմանիա փոխադրելու համար... Ղազախստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության կողմից հաստատված նավթի մատակարարումների գրաֆիկին համապատասխան՝ «ՂազՏրանսՕյլ» ԲԲԸ-ն փետրվարին 20 հազ. տոննա ղազախական նավթ Է փոխադրում «Դրուժբա» նավթամուղով մինչև «Ադամովա զաստավա» նավթի հանձնման կետ՝ հետագայում Գերմանիա մատակարարելու համար», - ասվում է խողովակաշարի օպերատորի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Գերմանիայի կառավարությունը 2022 թ. սեպտեմբերին հայտարարել Էր, որ բանակցություններ կվարի Ղազախստանի հետ «Դրուժբա» խողովակաշարով նավթի գնման շուրջ՝ Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարանի համար լրացուցիչ ծավալներ ապահովելու և Ռուսաստանից գնվող նավթը փոխարինելու համար։ Այժմ Ղազախստանն օգտվում է «Դրուժբա»-ով տարանցումից՝ տարեկան շուրջ 10 մլն տոննա նավթ ուղարկելով Ուստ-Լուգա նավահանգստի ուղղությամբ։
Ղազախստանը սկզբում պլանավորել Էր առաջին 20 հազար տոննա նավթը «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա ուղարկել 2023 թ. հունվարին, այնուհետև ժամկետները տեղափոխեցին փետրվար ամիս, հաղորդել է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը։ «Դրուժբա» նավթամուղն սկիզբ է առնում Ալմետևսկից, անցնում Բրյանսկով, այնուհետև ճյուղավորվում երկու՝ հյուսիսային (Բելառուսի տարածքով Լեհաստանի ուղղությամբ) և հարավային (Ուկրաինայի տարածքով Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի ուղղությամբ) հատվածների: