Չորս մարզերում կազմված արձանագրությունների թիվն աճել է 3668-ով
Պարեկային ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների ծառայողները հունվարի 21-ից փետրվարի 21-ը բացահայտել են հանցագործության 53 դեպք. գերակշռում են ապօրինի թմրաշրջանառության և ծառահատումների դեպքերը։ Այս տվյալները նշված մարզերում պարեկների գործունեության առաջին ամիսն ամփոփման մեջ ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ հավելելով, որ նույն ժամանակահատվածում չորս մարզերում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմել են 12699 արձանագրություն։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրությունների թիվն աճել է 3668-ով։
Հաղորդագրության մեջ նշված է. «Այս տարվա հունվարի 21-ին պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում։ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ծառայողական նոր մեքենաներով, նոր սպառազինությամբ ու հատուկ միջոցներով ծառայության դուրս եկան պարեկները։
Պարեկների առաջնային խնդիրներն են հանցագործությունների նախականխումը, կանխումն ու բացահայտումը, հասարակական և ճանապարհային անվտանգության ապահովումը։ Այդ ամենը նախկինում իրականացնում էին ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները։
Թեև կարճ ժամանակ է՝ ինչ պարեկներըվերոհիշյալ չորս մարզերում են, սակայն նրանց գործունեության վերաբերյալ արդեն կան տվյալներ։
Խոսենք թվերով։ Հունվարի 21-ից փետրվարի 21-ը պարեկային ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են հանցագործության 53 դեպք. գերակշռում են ապօրինի թմրաշրջանառության և ծառահատումների դեպքերը։
Նույն ժամանակահատվածում չորս մարզերում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմել են 12699 արձանագրություն։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրությունների թիվն աճել է 3668-ով։
Բացի այդ, պարեկները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ, մասնակցել են հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ահազանգերով մեկնել են դեպքի վայրեր, իրականացրել են դեպքերի վայրերի պահպանություն, ուղեկցումներ և այլն։
Ինչպես հայտնի է՝պարեկային ծառայության ստեղծման առաջին իսկ օրվանից հայտարարվել էր, որ ստորաբաժանումը առաջնահերթ ոչ թե պատժող, այլ քաղաքացուն աջակցող նպատակ ունի։ Այդ համատեքստում կարևոր է նաև նշել, որ մարզերի պարեկները, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, հատուկ միջոցառումներ են իրականացնում հանրապետության ճանապարհներին։ Փրկարարների հետ նրանք ձյան հետևանքով առաջացած արգելափակումներից դուրս են բերում մեքենաները և քաղաքացիներին օգնություն են ցուցաբերում։
Այս տարի Գեղարքունիքի մարզում նախատեսվում է նաև մեկնարկել ջրային պարեկային ծառայություն։ Ստորաբաժանման ծառայողները կմասնակցեն մասնագիտացված պարապմունքների և քննությունները բարեհաջող հանձնելուց հետո ջրային ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ կանցնեն ծառայության»։