Դանակով խփել է երիտասարդի պարանոցին ու փախել
Փետրվարի 20-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Նրան դանակահարել էին։
Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Մասիսից Ռանչպար գյուղ տանող ճանապարհի գազալցակայանի տարածքում իրար, այսպես ասած՝ երկար նայելու պատճառով վեճ էր սկսվել տուժածի և Սիս համայնքում բնակվող 49-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում ձեռքերով իրար հարվածներ էին հասցրել, ապա 49-ամյա տղամարդը դանակով խփել էր երիտասարդի պարանոցին ու փախել։
Փետրվարի 21-ին, կեսգիշերն անց, կասկածվողը հայտնաբերվել է Մասիս քաղաքի 2-րդ փողոցում, ձերբակալվել ու տեղափոխվել Մասիսի քննչական բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։