Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև տարաձայնությունները հաղթահարելի են
ՌԴ-ն կարծում է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև տարաձայնությունները կարելի Է հաղթահարել, «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությանը, ապա մենք հիմքեր չունենք կասկածի տակ դնելու դրա ժամանակավոր բնույթը: Թուրքական կողմն այդ մասին հայտարարել է ամենաբարձր մակարդակով՝ հաստատելով իր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը: Այս դիրքորոշումն արձանագրված է ռուս-թուրքական մի շարք փաստաթղթերում, «Աստանայի եռյակի» համատեղ հայտարարություններում»,- ասել է Բոգդանովը։
«Կարծում ենք, որ Դամասկոսի և Անկարայի միջև առկա տարաձայնությունները հաղթահարելի են, և մենք կշարունակենք կողմերին աջակցել փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ ի շահ նրանց միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և սիրիա-թուրքական ավանդական բարիդրացիության վերականգնման»,- հավելել է նա։
Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների՝ 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Թուրքիան, որը մինչև այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, անցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմը։
Այդ ժամանակվանից Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները բարդացան։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև առանձին ԶԼՄ-ներ սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար պլանավորվել Էր ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հունվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում Էր, որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել Է, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև պլանավորված բարձր մակարդակի բանակցություններին։ Ներկայում, Բոգդանովի խոսքով, մշակվում է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։