Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում
Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
Նա հիշեցրել է, որ 2019 թ.-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով որոշումներ են ընդունվել, «այդ թվում՝ մայրցամաքում ռուսական դիվանագիտական ներկայության ընդլայնման մասին»։
«Համապատասխան հանձնարարականների շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ն աշխատանք Է տանում մի շարք աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նոր դեսպանատներ բացելու ուղղությամբ: Թե որ պետություններում կբացենք մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, կտեղեկացնենք, երբ համապատասխան պետությունների իշխանությունների հետ համաձայնեցվեն իրավաբանական, արձանագրային և այլ հարցերը», - ասել է Բոգդանովը։
Նրա խոսքով՝ «աշխարհագրության» և դիվանագիտական ներկայացուցչությունների թվակազմի հարցերում Ռուսաստանը ելնում է «ինչպես ազգային շահերի առկայությունից, աշխատանքի անհրաժեշտ ծավալից, այնպես Էլ, ինչը պակաս կարևոր չէ, բաց երկխոսությանը և փոխգործակցությանը գործընկերների պատրաստակամությունից»։
«Մեր դեսպանատների և դրանց անձնակազմի պատշաճ պաշտպանությունն ապահովելու առումով կարող եմ ասել, որ այս թեման մեզ համար առաջնահերթություն է, ուստի անվտանգության հարցը գտնվում է մշտական հսկողության տակ, և մենք պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում ու օպերատիվ կերպով արձագանքում մեր արտասահմանյան ներկայացուցչությունների շուրջ ստեղծված իրադրության ցանկացած փոփոխության», - ընդգծել է Բոգդանովը։