Հայաստանից՝ Սիրիայի ժողովրդին. մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է տեղափոխվել Սիրիա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:
Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:
Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն: