Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրամասին, ինչպես նաև ռազմական համալիրի, որը «Համաս»-ի կողմից օգտագործվում էր ծովային սպառազինություն պահելու համար: Համալիրը տեղակայված էր մզկիթի, բժշկական կենտրոնի, դպրոցի, հյուրանոցի և ոստիկանական բաժանմունքի մերձակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Լրատվամիջոցը նշում է, որ գիշերը Գազայի կողմից դեպի Իսրայել է արձակվել 6 հրթիռ, որոնցից 5-ը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: Վերցերորդ հրթիռն ընկել է բաց տարածքում, վիրավորներ չկան:
Գազայից հրթիռներն արձակվել են՝ ի պատասխան Նաբլուս քաղաքում փետրվարի 22-ին ԻՊԲ-ի կատարած ստուգարշավի, որի նպատակն էր երեք կասկածյալի ձերբակալությունը, որոնք, ըստ իսրայելական կողմի, պլանավորում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մոտ ապագայում:
Պաղեստինյան Wafa գործակալությունը հայտնում է, որ ստուգարշավի ընթացքում սպանվել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ տարեց մարդ և մեկ երեխա: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պաղեստինը երեկ երեկոյան խնդրել է իսրայելական հարձակումների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել: