Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ավելի քան 200 մլն դրամի դրամաշնորհ է տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հայտնի դարձած Վաղինակ Սարգսյանն է։
2018-ի իշխանափոխության օրերին նա խաղաղապահների հրամանատարն էր, ով «Ստալիչնի պոլկից» փողոց հանեց մի խումբ խաղաղապահների եւ, ըստ որոշ աղբյուրների, վճռորոշ դեր խաղաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում․ տեսնելով, որ բանակը միանում է միտինգավորներին, վերջինս վերջնականապես որոշեց գրել դիմումը: 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, սակայն պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, ազատեցին պաշտոնից, բայց՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր կային, որ ԱԱԾ-ում քննվող մի գործով Վ․ Սարգսյանը հարցաքննվել է:
Հետագայում նա հայտնվեց այս փափուկ պաշտոնին, որտեղ մեծ պատասխանատվություն ու մեծ ռիսկեր չկան, փոխարենը կան մեծ փողեր։ Մենք 2022-ի տարեվերջին գրել էինք, որ այս ՊՈԱԿ-ում գումարի այնքան ավելցուկ կա, որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ են անում մարզերում, մեկն էլ կայացել էր Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։