Ինչ է պատմել Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորվածն ԱԱԾ-ին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ հայտնել , որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել։ Ստացվում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, եւ երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, որ ծեծել են Արարատ Միրզոյանին: Ավելին՝ չկա նաեւ ծեծի ապացույց տեսանյութ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-Ն հայտնեց, որ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ։
Այդտեղ էլ տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:
Մյուս կալանավորվածը Արա Բ.-ն է»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում