Բնակարանային գողություն` Ջրափի գյուղում. ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 1-ին Շիրակի մարզում անհայտ անձը տան պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, բջջային հեռախոսներ, ժամացույց, 1 զույգ ոսկյա ականջօղ, 100 դոլար, 50 եվրո, 50 լարի և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 440 000 դրամի վնաս։
Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունը բացահայտելու միջոցառումների ընթացքում համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների հետ։ Դեպքից օրեր անց նրանք պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 14-ին Արմավիր քաղաքում ձերբակալվեց և Անիի բաժին տեղափոխվեց Բամբակաշատ գյուղի 19-ամյա մի բնակիչ։
Նա իրավապահներին հայտնել է, որ փետրվարի 1-ին ինքն էր մտել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողություն արել։ Գողոնի մի մասը տվել էր ազգականին, հեռախոսներից մեկն էլ վաճառել էր։
Փետրվարի 14-ին ոստիկանության Անիի բաժին է հրավիրվել երիտասարդի ազգականը։ Հաջորդ օրը գողոնի մի մասը ներկայացվել է քննչական բաժին։
Ձերբակալվածին մեղադրանք է ներկայացվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է։