Իսրայելական բանակի ստուգարշավի ընթացքում 6 պաղեստինցի է զոհվել, կան տասնյակ վիրավորներ. Wafa
Վեց պաղեստինցի սպանվել է, ևս 70-ը՝ վիրավորվել այսօր Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների հետ բախումների հետևանքով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է պաղեստինյան Wafa գործակալությունից:
Պաղեստինի նախագահի խոսնակը իրավիճակի վտանգավոր սրացման պատասխանատու է անվանել Իսրայելի կառավարությանը՝ ԱՄՆ վարչակազմին կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել և ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պաղեստինցիների դեմ հանցագործությունները:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ իսրայելական ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Նաբլուսում:
Israyel Hayom պարբերականի փոխանցմամբ՝ իսրայելական զինվորները բախվել են «Առյուծի որջ» ահաբեկչական կազմակերպության անդամների հետ: Ըստ հրատարակության՝ իսրայելցի զինվորականները շրջապատել են քաղաքի շենքերից մեկը, որում, ամենայն հավանականությամբ, եղել են երկու ահաբեկիչներ:
Կողմերի միջև վերջին շաբաթներին հաճախ են նման բախումներ տեղի ունենում՝ հանգեցնելով զոհերի և վիրավորների: