Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը. Լավրով
Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մեր հարաբերությունները զարգանում են վստահ ու դինամիկ կերպով, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համախմբվածություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հարգման և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։ Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է ՉԺՀ-ի Կոմկուսի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։
«Չնայած միջազգային իրավիճակի փոփոխականությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը, հաստատակամորեն և վստահորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման հունով և հավատարիմ են մնում բազմաբևեռությանը», - հավելել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը: Պեկինը, ինչպես նշել է դիվանագետը, այսօրվա հանդիպումից ակնկալում է հասնել նոր պայմանավորվածությունների։