Կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանն այսօր դառնում է 85 տարեկան
Բացառիկ կինոհանճար. այսպես է անվանել Սերգեյ Փարաջանովն Արտավազդ Փելեշյանին։ Այսօր Վարպետը դառնում է 85 տարեկան։
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը նա ապրել է Կիրովականում։ 1968 թ. Փելեշյանն ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը:
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը: Այդ տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։
1969 թ. Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է տարածական մոնտաժի հիմնատարրերից:
«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի ունեի հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»,- ասել է Վարպետը:
Փելեշյանը համարվում է տարածական մոնտաժի հիմնադիրը։ 1974 թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատությունը, որում շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
«Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, նրանց միջև եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն (տարածական) մոնտաժը»,- մի առիթով ասել է Փելեշյանը։
Հայտնի են Փելեշյանի «Տարվա եղանակները», «Մեր դարը», որը, ի դեպ, արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ Այս կինոպոեմներին բնորոշ են նուրբ քնարականությունը և էպիկական հզոր շունչը:
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» և «Կյանք» ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն», «Աշնանային շուկայի գույները» կինոնկարները:
Փելեշյանի գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, և Հարավային Կորեայում։
2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996թ.) շքանշանով, իսկ 2006-ին արժանացել է «Փարաջանովյան թալեր» («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: