Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն. ՔԿ
2023 թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ։
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004 թ., զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) 3-րդ մասի 1-ին և 524 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։