Յուրա Մովսիսյանը Էդուարդ Սպերցյանին եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ է համարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի կարծիքով ժամանակն է, որ ազգային ընտրանու հարձակվող Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական ակումբ:
«Սպերցյանը յուրօրինակ ֆուտբոլիստ է և ընդունակ է հարմարվելու ցանկացած առաջնության: Այն կարծիքին եմ, որ ճիշտ ժամանակն է, որ նա տեղափոխվի: Բոլոր ֆուտբոլիստների երազանքն է խաղալ «Ռեալ»-ի կամ էլ ՊՍՎ-ի նման թիմերում, բայց այս դեպքում կարևոր է շատ խաղաժամանակ ստանալը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանի խոսքերը փոխանցում է Metaratings-ը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: