Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է 100 տարվա վաղեմության Դալիի՝ գողացված գծանկարները
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի՝ 100 տարվա վաղեմության երկու գծանկարները, որոնք գողացել էին անցյալ տարի Բարսելոնայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 50, 53 և 55 տարեկան երեք եղբայրների և առգրավել է Դալիի վրձնին պատկանող երկու գծանկարները, որոնք 1922 թ.-ին արվել էին «Les Gràcies de l'Empordà» («Էմպորդայի երախտագիտությունը») գրքի նկարազարդման համար՝ հեղինակ Պերե Կորոմինեսի խնդրանքով։
«Գալա և Սալվադոր Դալի» հիմնադրամը հաստատել է, որ արվեստի գործերը՝ շագանակագույն թղթի վրա պատկերված երկու գյուղական տեսարան, պատկանում են նկարչի վրձնին:
Ըստ Կատալոնիայի ոստիկանության՝ երեք եղբայրները հատուկ թիրախավորել են Բարսելոնայի այն տները, որտեղ պահվում էին արվեստի գործերի և մետաղադրամների ու այլ հնաոճ իրերի հավաքածուներ:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ևս երկու անձի՝ գողացված ապրանքները ստանալու համար։
Բացի Դալիի երկու գործերից, իրավապահները նաև առգրավել են իսպանացի նկարիչ Խոան Միրոյի 5 գրաֆիկական աշխատանքներ, նկարիչ Պակո Սոլայի կողմից արված երկու աշխատանք, ինչպես նաև 55 շքեղ ժամացույց, արծաթե և ոսկե գրիչներ, զարդեր և մետաղադրամների ու թղթադրամների մի քանի հավաքածու տարբեր ժամանակների և երկրներից:
Ենթադրվում է, որ այս իրերը գողացվել են վերջին ամիսների ընթացքում։