Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողությունը
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մինչև 2024 թ. փետրվարի 24-ը երկարաձգելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։
«Միությունը շարունակում է անդրդվելիորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և հավատարիմ է Ռուսաստանի անօրինական բռնակցման առնչությամբ չճանաչման քաղաքականության լիարժեք իրականացմանը։
Միությունը չի ճանաչում և շարունակում է դատապարտել Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցումը՝ որպես միջազգային իրավունքի խախտում… Սահմանափակող միջոցները պետք է երկարաձգվեն մինչև 2024 թ. փետրվարի 24-ը», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրամիության պաշտոնական հանդեսում» հրապարակվելու հաջորդ օրը, այսինքն՝ փետրվարի 21-ից։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներկայումս ընդգրկված են 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն: