Արցախում ձևավորվելու է «Օպերատիվ շտաբ-2». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը շաբաթ-կիրակի հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հետ՝ առաջարկելով ձեւավորել նախագահին կից կոմիտե, որը կդառնա տարբեր հարցերի քննարկման հարթակ, կունենա խորհրդատվական դեր եւ կստանձնի Արցախի նախագահի լիազորությունների որոշ մասի կատարումը:
Նա ասել է, որ Արայիկ Հարությունյանը համաձայնել է իր առաջարկին: Քաղաքական շրջանակներում համոզված են, որ այդ կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու:
Առաջինի հիմնադիրը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանն էր, այն քննադատությունների թիրախ դարձավ, քանի որ Վարդանյանը հավաքել էր իր մարդկանց եւ պետական ապարատին պարտադրում էր կատարել շտաբի որոշումները։ Հիմա խորհրդատվական մարմինը, ըստ էության, լինելու է ապագա պետնախարարի կուրացիայի ներքո, նաեւ դրա կազմն է ուրվագծվում` կընդգրկվեն մարդիկ, որոնք պետնախարարի համար քաղաքական հենարան կդառնան:
Անունների թվում, նշվում են, բնականաբար, Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի եւ այլոց անունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: