Սիրիայում գտնվող բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում նոր երկրաշարժից տուժածներին
Հալեպում տեղակայված դաշտային հոսպիտալի անձնակազմի բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում երկուշաբթի օրը տեղի ունեցած նոր երկրաշարժից տուժածներին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այս պահին բելառուս զինվորական բժիշկները տուժածներին օգնում են ոչ միայն ռազմադաշտային հոսպիտալում, այլև անմիջապես քաղաքի փողոցներում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության բժշկական ջոկատը փետրվարի 14-ին մեկնել է Սիրիա՝ փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բելառուս ռազմական բժիշկները ռուս զինծառայողների աջակցությամբ Հալեպում հիմնել են ռազմադաշտային հոսպիտալ։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 17-ից հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 375 մարդ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ SANA գործակալությունը հաղորդել էր, որ առնվազն վեց մարդ է տուժել երկուշաբթի օրը երկրի հյուսիսում գտնվող Հալեպում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Ըստ բժիշկների՝ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ։ Ինչպես նշել է Հալեպի առողջապահության վարչության ղեկավար Զիյադ ալ-Հաջ Թահան, «հիվանդանոց տեղափոխված բնակիչները լուրջ վնասվածքներ չունեն»։
Որոշ ժամանակ առաջ հաղորդվել էր, որ ցնցումների հետևանքով Հալեպի մի քանի թաղամասերում շենքերի փլուզումներ են գրանցվել։
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժի մասին, որոնք տեղի են ունեցել 17 րոպե տարբերությամբ։ Ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։ Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն վեց մարդ է տուժել։