Շնաձուկը հայտնի լողափում կյանքից զրկել է ավստրալացի տղամարդու
Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան ֆրանսիական տարածքում շնաձուկը հարձակվել է ավստրալացի զբոսաշրջիկի վրա` սարսափած ականատեսների աչքի առաջ:
59-ամյա տղամարդը գտնվել է ափից մոտ 150 մ (500 ոտնաչափ) հեռավորության վրա Նումեայի հայտնի լողափում, երբ հարձակման ենթարկվել, հայտնում են իշխանությունները:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով նա ստացել է ձեռքերի և ոտքերի լուրջ վնասվածքներ, և դեպքի վայրում մահացել:
Սա երեք շաբաթվա ընթացքում արդեն շնաձկան երրորդ հարձակումն է Chateau-Royal լողափի մոտ:
Մոտակայքում նավարկող երկու հոգի տղամարդուն հետ են տարել լողափ, որտեղ շտապօգնության ծառայությունները փորձել են նրան կենդանացնել:
Բազմաթիվ մարդիկ այդ պահին ջրի մեջ են եղել և ականատես են եղել հարձակմանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Իշխանությունները փակել են շրջանի լողափերի մեծ մասը և հրամայել բռնել մոտակա ջրերում գտնվող շնաձկներին:
Հունվարի 29-ին տարածքում շնաձուկից 49-ամյա լողորդ էր լրջորեն վիրավորվել, իսկ մի քանի օր անց հարձակում էր եղել նաև սերֆինգիստի վրա։
Նոր Կալեդոնիան, որը գտնվում է Վանուատուից հարավ, Ավստրալիայից մոտ 1200 կմ (750 մղոն) արևելք է:
Թեև այստեղ ապրում է ընդամենը 270,000 մարդ, այն շնաձկների հարձակումների ընդհանուր թվով աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը, ըստ Ֆլորիդայի Բնական պատմության թանգարանի: