Բայդենը անակնկալ այցով ժամանել է Կիև
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այց է կատարել Կիև և հայտարարել Վաշինգտոնի լրացուցիչ ռազմական օգնության մասին: Այդ մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:
Անվտանգության մեծ թվով աշխատակիցներով շրջապատված՝ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի նախագահի հետ զբոսնել է Կիևի կենտրոնում` օդային տագնապի ազդանշանի ձայնի ներքո: Հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ երկու երկրների ղեկավարները դուրս են գալիս Միխայլովյան տաճարի տարածքից, այնուհետև գնում են հակամարտության ընթացքում Ուկրաինայի ԶՈւ զոհված զինծառայողների հուշահամալիր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակել Է լուսանկար Կիև ժամանած ամերիկացի առաջնորդի հետ՝ այդ այցն անվանելով աջակցության կարևոր ազդանշան բոլոր ուկրաինացիներին համար: Լուսանկարում Զելենսկին և Բայդենը միմյանց ձեռք են սեղմում: Ի դեպ, Բայդենն իր ժամանման առթիվ Ուկրաինայի դրոշի գույներով փողկապ է կրում։
Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր։ VOA պարբերականը հաղորդում է, որ Բայդենը հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է հրետանային զինամթերք և հակատանկային զինատեսակներ: Բայդենը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ կսահմանվեն: