ՌԴ-ն և Չինաստանը վերականգնել են անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը
Ռուսաստանն ու Չինաստանը վերսկսել են անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրի գործողությունը, որը դադարեցվել էր COVID-19-ի համավարակի ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Интерфакс»-ին հայտնել են ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում: Ինչպես նշել են նախարարությունում, չինացի զբոսաշրջիկներին Ռուսաստան թույլ տալու համար Տնտեսական զարգացման նախարարությունը պետք է ստանա չինական այն զբոսաշրջային ընկերությունների թարմացված ցուցակը, որոնք նախատեսում են համաձայնագրի շրջանակներում ուղարկել զբոսաշրջային խմբեր, այնուհետև ցուցակը պետք է փոխանցվի ՌԴ ԱԴԾ-ի սահմանային ծառայությանը։
«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն այս ցանկը Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից սպասում է մոտ ապագայում», - նշել են մամուլի ծառայությունում։ Անայցագիր խմբային ուղևորությունների մասին համաձայնագիրը Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից ստորագրվել է 2000 թվականի փետրվարին։ Ըստ դրա՝ 5-ից մինչև 50-հոգանոց խմբից կազմված զբոսաշրջիկները կարող են առանց վիզա ստանալու հարևան երկիր այցելել և այնտեղ մնալ մինչև 15 օր։
Համաձայնագրի գործողությունը կասեցվել էր 2021 թվականի հունվարին՝ համավարակի պատճառով։ Փետրվարի 6-ին Չինաստանի իշխանությունները չեղարկել են կորոնավիրուսի հետ կապված մուտքի և ելքի սահմանափակումները և իրենց քաղաքացիներին թույլատրել են ուղևորությունների մեկնել արտասահմանյան 20 երկիր, այդ թվում՝ Ռուսաստան։ Սակայն տուրօպերատորները հաղորդել են, որ քանի դեռ անայցագիր խմբային ուղևորությունները չեն վերսկսվել, զանգվածային զբոսաշրջության վերականգնումը հնարավոր չէ։
Մինչև 2019 թվականի կորոնավիրուսի համավարակը Չինաստանը ամենախոշոր զբոսաշրջային շուկան էր Ռուսաստանի համար։ 5 միլիոն օտարերկրյա ճանապարհորդներից շուրջ 1,5 միլիոնը ժամանում Էր Չինաստանից, այդ թվում՝ 1,2 միլիոնն՝ առանց վիզայի՝ անայցագիր խմբային ուղևորությունների համաձայնագրի շրջանակներում: