Քաղցկեղով հիվանդ ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել է բժշկական միջամտությունից
ԱՄՆ նախկին նախագահ 98-ամյա Ջիմի Քարթերը որոշել է հրաժարվել բուժօգնությունից և մնացած օրերն անցկացնել տանը՝ ստանալով հոսփիսային խնամք։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Carter Center-ը։
«Մի շարք կարճատև հոսպիտալացումներից հետո ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը որոշել է մնացած ժամանակն անցկացնել տանը՝ ընտանիքի հետ և ստանալ հոսփիսային օգնություն՝ լրացուցիչ բժշկական միջամտության փոխարեն», - ասվում է 1982 թվականին քաղաքական գործչի կողմից հիմնադրված կազմակերպության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Քարթերն ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց նախկին ազգային առաջնորդն է:Նա ընտրվել է նախագահի պաշտոնում և ղեկավարել 1977-1981 թվականներին։ Հաջորդ ընտրություններում նա պարտվել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանին։
Պաշտոնաթողությունից հետո նա շարունակել է մարդասիրական ծրագրերով զբաղվել և հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ։ 2002 թվականին Քարթերը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
2015 թվականին նրա մոտ ախտորոշվել է մելանոմա, որը տարածվել է նրա լյարդի և ուղեղի վրա։