Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել Դամասկոսին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունները
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կիրակի հրաժարվել է մեկնաբանել Դամասկոսի հարավ-արևմտյան շրջանների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։
«Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Կիրակի ավելի վաղ, հղում անելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարությանը, հայտնի էր դարձել, որ առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ սիրիական բանակի մեկ ներկայացուցիչ, զոհվել է Դամասկոսի հարավ-արևմտյան շրջանների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման ժամանակ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական հրթիռը հարվածել է շիա զինյալների հանրակացարանին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է նաև Սիրիայի հարավում գտնվող Ալ-Սուվեյդա քաղաքի ռադարային կայանին։