Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը խափանվել է. Bloomberg
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, որը մասնակցել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, Միացյալ Նահանգներ կվերադառնա Boeing C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ նրա հիմնական ինքնաթիռի խափանման պատճառով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Փոխնախագահի ինքնաթիռը խափանվել է։ Կամալա Հարիսը Գերմանիայից ԱՄՆ կվերադառնա C-17 աինքնաթիռով», – գրել է Bloomberg-ի լրագրողը։ Ավելի ուշ նա հավելել է, որ Հարիսն արդեն մեկնել է՝ հրապարակումն ուղեկցելով տեսագրությամբ, որի կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ փոխնախագահը հրաժեշտ տալիս ընդունող կողմի ներկայացուցիչներին մուգ մոխրագույն գույնի ռազմատրանսպորտային ինքնաթիռ նստելուց առաջ:
«Սպիտակ տանը չեն պարզաբանել, թե ինչ խնդրով է պայմանավորված փոփոխությունը, որի մասին որոշումը կայացվել է վերջին պահին», – նշվում է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: