Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև
Հանդիպումը լավ անցավ, կառուցողական էր։ Ես հայտնեցի իմ դիրքորոշումը։ Շատ հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, որ ամենակարևորն այն է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա։
Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։
«Հայաստանի կողմից նոր առաջարկներ ենք ստացել։ Մենք դրանք ուսումնասիրում ենք։ Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,- ասել է Ալիևը՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։