Մենք շատ ջերմ ողջագուրվեցինք... Հուշեր Ֆլորա Մարտիրոսյանից
Ընդամենը մեկ տարի ու մեկ օր առաջ Ֆլորա Մարտիրոսյանը մեզ հետ էր: Ապրում, ստեղծագործում ու հիացնում էր հայ և օտարերկրյա հանրությանը: Եվ ամենակարևորը՝ լի էր կյանքով, ուներ բազում ծրագրեր, որոնցից շատերը, ցավոք կիսատ մնացին:
2012թ-ին այս օրը՝ նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն էին:
Ֆլորա Մարտիրոսյանի վերջին տարիների գլխավոր նպատակը' «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը կրող համերգների շարքն էր: 2011-ի նոյեմբերի 1-ին համերգը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում: Այն նախաձեռնել էին «Արթիսթս Ֆոր Փիս» կազմակերպությունը և «Էֆ-Էմ-Էս» մեդիան: Never Again' «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը կրող համերգը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, որը սկսել էր 2007թ-ից և մինչև 2015 թվականը ունենալու էր շարունակական բնույթ: Ֆլորա Մարտիրոսյանի և իր տաղանդի շնորհիվ այս ծրագրին միացան բազում աշխարհահռչակ երաժիշտներ, այդ թվում Սթիվի Ուանդերը, Պիտեր Գաբրիելը, Պեդրո Էուստաչեն:
Վերջինիս ցավակցական խոսքը շատ հուզիչ էր. «Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը' եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։ Խորապես կապված լինելով իր արմատներին' հազարամյա հայկական ավանդույթներին, նրա ձայնը միևնույն ժամանակ ուներ տիեզերական ռեզոնանս, որ ազդում էր ամբողջ աշխարհի վրա… Նա հնչում էր դուդուկի նման' իր բոլոր նրբերանգներով, արտահայտչականությամբ, որ միայն իր հանճարը կարող էր փոխանցել։ Դա տեխնիկայի սահմաններից դուրս էր։ Որքան խորը, նույնքան էլ խորհրդավոր, բայց աներևակայելի ներթափանցող և ուղիղ: Ես երբեք չէի լսել նրա ձայնի նման ձայն, և ես գիտեմ, որ կլսեմ միայն հավերժության մյուս կողմում։ Մեծ, ֆանտաստիկ, արտասովոր, աստվածային Դիցուհի, Ֆլորա ջան»,- այսպիսին էր Ֆլորա Մարտիրոսյանը իսպանացի հանրահայտ ֆլեյտահար Պեդրո Էստուաչեի համար:
ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն ափսոսանքով է հիշում է իր ընկերոջ կորուստը: «Անասելի անմիջական անձնավորություն, նրա համար տարբերություն չկար հարազատ, ծանոթ թե անծանոթ: Շատ ջերմ ու սրտալի մարդ էր»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թովմաս Պողոսյանը: Նա նաև մի փոքրիկ հուշ պատմեց. «Տարիներ առաջ Միացյալ նահանգներում էի, իրեն հրավիրեցի իմ մենահամերգին, որի ժամանակ առանձնահատուկ նշեցի նրա ներկայությունն ու մեծարեցի իմ ընկերոջը: Մենք շատ ջերմ ողջագուրվեցինք, ու ինձ հրավիրեց Կոմիտասի անվան իր երաժշտական հաստատություն: Ես այցելեցի, Ֆլորան սրտի թրթիռով մանրամասն բացատրեց, թե ինչ է արվում այդ համեստ հաստատության մեջ, որ կա և՛ հայազգի և՛ օտար ուսանողներ, որոնք ոչ միայն գալիս են կրթություն ստանալու, այլև ինքը կարողանում է նրանց հրամցնել մեր ազգային երաժշտությունը: Շատ գնահատելի և կարևոր գործ էր սկսել Ֆլորա Մարտիրոսյանը»,-իր խոսքը եզրափակեց Թովմաս Պողոսյանը: