Իրանը 6 տոննա օգնություն է ուղարկել Թուրքիային
Թավրիզի Բժշկական համալսարանի պատրաստած օգնությունը ժամանել է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Հումանիտար օգնության կազմակերպմանը մասնակցել են նաև Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները, համալսարանի ռեկտորն ու ուսանողներ, փոխանցում է Ermenihaber-ը։
«Մենք Թավրիզում գտնվող օգնության համակարգմամբ ենք զբաղված։ Երկրաշարժից անմիջապես հետո մեր բարեկամ իրանական պետությունն ու իրանցի ժողովուրդը օգնություն տրամադրելու հարցում չի զլացել»,- ասել է Թաները։
Նա նաև նշել է, որ Իրանի Խոյ քաղաքում 5․8 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետքերը դեռ թարմ են իրանցի ժողովրդի հիշողության մեջ, և Թուրքիային տրվող այս օգնությունն, ըստ իրանական կողմի, տրամաբանական է։
«Այս օգնությունն ամենակարճ ժամկետներում կհասցնենք Թուրքիա։ Թեհրանում և Թավրիզում դեռ շարունակում են օգնություն հավաքել։ Շատ շնորհակալ ենք»,- ավելացրել է Թաները։