Ռուսաստանցի մոտ 80 մարզիկ կմասնակցի 2023 թ.-ին Իրանում կայանալիք մրցումներին
2023 թվականին Իրանում կայանալիք մրցումներում հանդես կգան մոտ 80 ռուսաստանցի մարզիկներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
ՌԴ սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը կանցկացնեն ավելի քան 60 միջոցառումներ Սպորտի ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացման շուրջ։
Փաստաթուղթը նախատեսված է 2023-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակամիջոցի համար և նախատեսում է համատեղ մարզական և ուսումնամարզական միջոցառումների անցկացում 20 մարզաձևերով:
Փաստաթուղթը ենթադրում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքային խմբի ստեղծում և գործունեություն, որը կգլխավորեն երկու երկրների գերատեսչությունների փոխնախարարները, համագործակցության խորացում սպորտային գիտության ոլորտում, կապերի հաստատում և համագործակցության զարգացում ենթագերատեսչական կազմակերպությունների միջև, միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու համաձայնեցված մոտեցումների մշակում:
Պլանում նշված են համատեղ ուսումնամարզական միջոցառումներ օլիմպիական, ոչ օլիմպիական, ավանդական մարզաձևերով:
Նախատեսվում Է Իրանի և Ռուսաստանի մարզիկների մասնակցությունը երկու երկրների տարածքում կայանալիք մրցումներին, որոնց թվում են փետրագնդակը, բռնցքամարտը, ձյուդոն, թեթև ատլետիկան, ըմբշամարտը, սուսերամարտը, ֆուտբոլը, թեքվոնդոն, շախմատը, լողը, ջրագնդակը, թենիսը, դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, ծանրամարտը, պարալիմպիկ մարզաձևերը:
Փետրվարի 14-ին Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին ТАСС-ին հայտնել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը, որը կանցկացվի փետրվարի 17-ից 18-ը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Հնդկաստանի թիմերը: