Լատվիան հարբած վարորդներից առգրավված մեքենաները կփոխանցի Ուկրաինային. Սեյմը հաստատել է օրենքի փոփոխությունները
Լատվիայի խորհրդարանը փետրվարի 16-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության աջակցության մասին օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետությանը պատկանող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաներն անհատույց հանձնել Ուկրաինային: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Ներկայում մենք կարող ենք իրացնել հարբած վարորդներից առգրավված տրանսպորտային միջոցները՝ վաճառելով դրանք, տալով վերամշակման կամ վերածելով պահեստամասերի, սակայն մենք տեսնում ենք, որ ներկա պայմաններում դրանք օգտակար աջակցություն կլինեն Ուկրաինայի ժողովրդի համար», - մեջբերում է Delfi լրատվական հարթակը Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսի խոսքը:
Փոփոխությունները ենթադրում են, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում կընդունի նախարարների կաբինետը: Հանձնման գործընթացը կիրականացնի այն կազմակերպությունը, որը համագործակցում է Ուկրաինայի կառավարության հետ և ստացել է օգնության կոնկրետ հայտեր: