Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու:
«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», - նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: