Եթե մենք իմանայինք, որ արցախցիները զոհաբերվելով՝ կփրկեն մայր Հայաստանը, մենք ինքներս դա կանեինք. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Տեսակետը, որ 120 հազար արցախահայերից հրաժարումը կփրկի Հայաստանը ու 3 մլն հայերին՝ թյուր է: Եթե իսկապես լիներ Հայաստանի փրկության հարց, եթե մենք իմանայինք, որ արցախցիները զոհաբերվելով՝ կփրկեն մայր Հայաստանը, մենք ինքներս դա կանեինք, առանց որեւէ մեկի բոցաշունչ ելույթների: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեզին, թե՝ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերին՝ հանուն 120 հազար արցախցիների»: Մեր զրուցակցի խոսքով.
-Արցախը տարիներ շարունակ եղել է Հայաստանի վահանը եւ արդեն տվել է ավելի քան 120 հազար զոհ ողջ պատմության ընթացքում՝ փրկելով հայոց պետականությունը եւ հայ ժողովրդին, հայ ազգը եւ հայ գենը: Ես հույս ունեմ, որ դա նրա անձնական կարծիքն է: Իրականում փրկելով Արցախը, մենք փրկում ենք ողջ հայ ժողովրդին, սա պետք է գիտակցել: Ավելին, սա պետք է հասկանա նաեւ հայ հասարակությունը: Բայց խնդիրը այն է, որ սա ոչ թե երկընտրանք է Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք, ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն էլ հենց այդ է, որպեսզի մենք պառակտվենք, տածելով, որ երկրընտրանքը հենց Հայաստանի եւ Արցախի միջեւ է: Իրականում Արցախը պարզապես առաջնագծում է, իսկ եթե դու չունես առաջնագծեր՝ պարտվելու ես: Այս թեզը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական որեւէ տեսանկյունից ճիշտ չէ: Այդ կոնկրետ պատգամավորի նման տեսակետը բերելու է կատաստրոֆայի: Պետք է հասկանալ՝ սա ի՞ր, ինչ-որ խմբի՞, թե՞ հասարակության մոտեցումն է: Ամենակարեւորն այն է, որ պետք է հասկանալ, թե հասարակության ո՞ր մասն է այդկերպ մտածում, որովհետեւ դա թույլ կտա տեսնել, թե հասարակությունը որքանով է առողջ կամ հիվանդ: Եթե որեւէ մեկը նման հայտարարություն է անում, բայց հասարակության մեջ արձագանք չկա, մենք լայն դժգոհության ալիք չենք տեսնում, սա ավելի մտահոգիչ է ու վտանգ է հայոց պետության եւ հայոց պետականության համար: Ի վերջո, նայեք Աստվածաշունչը, Սոդոմ-Գոմորը դրսի ուժերի պատճառով չեղա՞վ, եղավ, որովհետեւ հասարակությունը նեխած էր, սակայն հասարակության մեջ լինել գեթ մեկը, որ արժանի է փրկվելու՝ կփրկվեր: Այդպես էլ հիմա է:
-Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական զարգացումների պակաս եւս չունենք: Բաքուն, մասնավորապես, փորձում է առաջ տանել նաեւ Հարավային գազային միջանցքի հարցը՝ իր համար արեւմտյան աջակցություն ապահովելու համար: Նման եւս մեկ միջոցառում այս օրերին եղավ:
-Այդպիսի միջոցառման անցկացումն Ադրբեջանում բավական խորհրդանշական է: Եվ Բաքուն շատ հմտորեն օգտվում է իր դիրքից: Այսպիսի միջոցառում անցկացնելով եւ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարների, բարձրաստիճան գործիչների, Բաքուն փորձում է ցույց տալ, որ շահերն արժեքներից բարձր են, որ չնայած Արցախի շրջափակմանը՝ ցանկացած միջոցառում բոյկոտելու փոխարեն միջազգային կառույցները եւ պետություններն ուրախությամբ եւ ընդգծված հետաքրքրվածությամբ են մասնակցում: Բայց հարցն այստեղ հռետորական է. ո՞վ է ավելի շատ մեղավոր արժեքների անկման մեջ այս համատեքստում՝ Բաքո՞ւն, որն օգտվում է իր բնական պաշարներից եւ աշխարհագրական դիրքրից, թե՞ այն երկրներն ու կառույցները, որոնք, առհասարակ, իրենց ըստ սեփական հայտարարությունների՝ պետք է լինեին մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ միջազգային իրավունքի հարգման պիոներները: Բայց մի կողմ թողնենք սա, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը, ցավոք, կոշտ բան է եւ հույզեր չի հանդուրժում: Կցանկանայի հուսալ, որ այս միջոցառմանը դեմոկրատական հանրույթի ներկայացուցիչները կբարձրացնեն թող որ չճանաչված, բայցեւայնպես՝ դեմոկրատական պետության՝ Արցախի շրջափակման հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։