Ժոզեպ Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Եվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրահանձնաժողովի անունից պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դիմիտրիս Պապադակիսի տարածած հայտարարությունը:
«Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ», - գրել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով:
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքի երկայնքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի:
«Նաև ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ ուժերը վերահսկում են Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ համաձայնագրի», - նշված է Պապադակիսի տարածած հաղորդագրությունում:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորման շրջանակներում 2022 թ.-ին 3,6 միլիոն եվրո է հավաքագրվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքների վերացման համար: Նշված գումարը փոխանցվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, որը միջազգային միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը կարողանում է տեղաշարժվել Լաչինի միջանցքի երկայնքով:
Նաև նշվում է, որ 2020 թ.-ի հակամարտությունից հետո ԵՄ-ն շուրջ 27 մլն եվրո է հատկացրել՝ ի աջակցություն ռազմական գործողություններից տուժած խոցելի բնակչության: