Բարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանից
«MediaHub»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել ՌԴ պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական օկրուգի ֆինանսական բաժնի պետ Մարինա Յանկինային։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, նա նախկինում աշխատել է Դաշնային հարկային ծառայությունում և զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրանց տվյալներով՝ փետրվարի 15-ին Զամշինա փողոցի տներից մեկի պատուհանների տակ հայտնաբերվել է 58-ամյա կնոջ դի։
Իրավապահ մարմինները դիտարկում են ինքնասպանության վարկածը։
Մահացածի տան 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում քննիչները հայտնաբերել են փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը։
Վերջին օրերին սա ռուս պաշտոնյաների հետ կապված ողբերգական պատահարի հերթական դեպքն է․ փետրվարի 13-ին մերձմոսկովյան Գոլիկովո գյուղի ամառանոցում հայտնաբերվել էր ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Մակարովի դին։
Քննիչների տվյալներով՝ 72-ամյա Մակարովն ինքնասպան է եղել։