Թուրքիայում երկրաշարժից ավելի քան 10 օր անց փլատակներից երկու տղամարդ է փրկվել
Թուրքիայի Անթաքիա քաղաքում երկրաշարժից 261 ժամ անց փրկվել են ավերված տան սալերի արանքում սեղմված երկու տղամարդու։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 17-ին հայտնել է Anadolu գործակալությունը։
«Երկրաշարժից 261 ժամ անց Անթաքիայի Օդաբաշի թաղամասում փլատակների տակից փրկվել են 26-ամյա Մեհմեդ Ալի Շաքիրօղլուն և 34-ամյա Մուստաֆա Ավչին։ Փրկարարական խումբը, մաքրելով Անթաքիայի Օդաբաշի փողոցի փլատակները, հասել է ավերված տան սալերի միջև ընկած երկու քաղաքացու»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տղամարդկանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք հոսպիտալացվել են:
7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 38044-ի։