Կա իմ Վիկտորը, ով իմ ընտանիքն է ու կյանքիս մեծագույն իմաստը. DJ Վակցինա (լուսանկարներ)
-Արուսիկ, երկա՞ր մտածեցիր նախքան մայրանալու որոշում կայացնելը: Վստա՞հ էիր, որ պատրաստ ես այդ պատասխանատու քայլին:
-Միանշանակ վստահ էի ու պատրաստ: Այդ որոշմանը հանգել էի ոչ թե մեկ օրում, այլ 7 երկար ու շատ բարդ տարիներից հետո: Դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Ճիշտ է, իմ առջև շատ լուրջ հարցեր և խնդիրներ էին ծառացել, այնուամենայնիվ ես երջանիկ էի: Այդ որոշման հետ կապված կասկած կամ վախ գոնե մեկ վայրկյան չի եղել ու հիմա կա իմ Վիկտորը, ով իմ ընտանիքն է ու կյանքիս մեծագույն իմաստը: Ես հիմա առավել քան երջանիկ եմ:
-Ծնողները միշտ նշում են, որ երեխան մինգամից փոխում է իրենց կյաքն ու աշխարհայացքը, ի՞նչ է փոխել մայրանալը քո աշխարհայացքում:
-Ավելի պատասխանատու եմ դարձել, ներկան ու ապագան պլանավորում եմ ըստ երեխայի: Ոչ մի ջանք չեմ խնայում՝ Վիկի համար բարեկեցիկ ու սիրով լի կյանք ու ստեղծելու համար: Սկսել եմ աշխատել եռակի-քառակի անգամ շատ: Նաև երեխայիս կողքին եմ հասցնում լինել ու հոգ տանել: Ամեն վայրկյանի համար շնորհակալ եմ Աստծուն: Ավելի զգայուն եմ դարձել, բայց միաժամանակ ավելի մեծ ուժ կա պայքարելու ու իրականացնելու արդեն ոչ միայն սեփական այլ նաև երեխայիս հետագա երազանքները, միանշանակ կյանքը իմաստավորվել է:
-Ե՛վ աշխատանք, և՛ երրեխայի խնամք, ինչպե՞ս ես համատեղում:
-24 ժամից 20-ը արթուն եմ: Ե'վ աշխատում եմ, և' երեխային եմ խնամում, նաև երկրորդ բարձրագույն կրթությունն եմ ստանում, բնականաբար շատ բարդ է, հոգնածությունն էլ արդեն սովորական բնույթ է կրում, բայց երբեք չեմ վախենում իրականություն դարձնել երազանքներս: Ընդունենք, որ ամեն մարդ չունի այդ ուժն ու եռանդը:
-Ի՞նչ ես խոսում բալիկիդ հետ, ի՞նչ կարևոր բաներ կա, որ կուզենաս իրեն ասել:
-Միշտ պատմում եմ նրան կյանքի մասին, կյանքի տարբեր լավ ու վատ կողմերի մասին, չեմ ուզում երեխաս մեծանա հեքիաթների մեջ, փոխարենը ուզում եմ լինի ռեալիստ, հասկանա բոլոր նրբությունները ու սիրի կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա:
-Արդեն մտածե՞լ ես, ինչպիսին ես ուզում տեսնել իրեն ապագայում:
-Իմ ցանկություններն այս դեպքում այդքան էլ կարևոր չեն, կարևորը որ Վիկը իրեն երջանիկ զգա, ես կփորձեմ այդ երջանկության կառուցման ընթացքում ամեն կերպ օգնել և աջակցել, մնացածը նա ինքը կընտրի:
-Առաջին խորհուրդը, որ կտաս երեխայիդ ո՞րը կլինի:
-Միշտ Մարդ մնալ:
Զրուցեց Գայանե Շահինյանը