Իրանի նախագահը շատ արդյունավետ է գնահատել իր այցը Չինաստան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան գնահատել է «դրական և արդյունավետ»՝ նշելով, որ այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են 20 հուշագրեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը:
Թեհրանում վայրէջքից հետո «Մեհրաբադ» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և տարբեր մակարդակի բանակցություններ վարել Չինաստանում:
«Ուղևորությունը Չինաստան շատ կարևոր էր, որպեսզի Իրանը արդյունավետ դեր խաղա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային հարցերում, քանի որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որը կարևոր դեր է խաղում առևտրի ոլորտում ինչպես Ասիայում, այնպես էլ միջազգային մակարդակով», - ասել է Ռայիսին:
Նա նաև նշել է, որ կողմերի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր:
«Երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է փոխըմբռնման 20 հուշագիր», - հայտնել է Իրանի նախագահը՝ շեշտելով, որ այցի ընթացքում իրեն ուղեկցող նախարարները նույնպես լավ բանակցություններ են վարել և համագործակցության շուրջ համաձայնությունների հասել:
Կողմերը նաև քննարկել են Իրանի և Չինաստանի համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և BRICS-ում (խմբ.՝ Իրանն առայժմ BRICS-ի անդամ չի հանդիսանում):
Ի դեպ, համաձայն երկու երկրների նախագահների համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է իր իրանցի գործընկերոջ հրավերը՝ պետական այցով մեկնելու Իրան: