Գողություններ Մասիսում և Դիմիտրովում. քրեական հետախույզների բացահայտումը
Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Ներքին Շենգավիթի 1-ին փողոցում ձերբակալել են 46-ամյա մի տղամարդու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա իր մեքենայով օժանդակել էր 37 և 45 տարեկան երկու տղամարդկանց գողություններին և տեղափոխել էր գողոնը։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Տղամարդիկ հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Մեկը՝ Շիրակի մարզի Ազատավան գյուղի, մյուսը՝ Երևանի բնակիչ էր։
Քրեական հետախույզները հետագա միջոցառումներով պարզեցին, որ ձերբակալվածները պահեստարաններից ու չցանկապատված տարածքներից տարբեր ժամանակահատվածներում կատարել են գողություններ, նույնիսկ կես տոննայից ավելի երկաթ են գողացել։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր
350 000-ից 400 000 դրամի վնաս։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։