ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը կաուչուկի շուրջ տարաձայնությունների պատճառով
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ սինթետիկ կաուչուկի մատակարարման արգելքի հարցում անհամաձայնությունների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Politico պարբերականից:
«ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները համաձայնության չեն հասել պատժամիջոցների հաջորդ փաթեթի շուրջ: Վիճելի հարցերից մեկը սինթետիկ կաուչուկն է, որը Եվրահանձնաժողովը ցանկանում է ներառել պատժամիջոցների ցանկում», - գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր։
Հրատարակությունը նշում է, որ սինթետիկ կաուչուկի արդյունաբերությունը տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ է բերում Ռուսաստանին: Օրինակ՝ 2021 թ.-ին ՌԴ-ն արտահանել է գրեթե 2 միլիարդ դոլար արժողությամբ սինթետիկ կաուչուկ, որից 700 միլիոն դոլարի՝ ԵՄ երկրներ:
Նշվում է, որ Իտալիան և Գերմանիան դեմ են սինթետիկ կաուչուկի ներմուծման արգելքին, մինչդեռ Լեհաստանը կողմ է: ԵՄ-ում ավելի վաղ հաղորդել էին, որ պլանավորում են փետրվարի վերջին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 10-րդ փաթեթը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այն կներառի նոր արգելքներ առևտրի բնագավառում և լրացուցիչ վերահսկողություն տեխնոլոգիաների՝ Ռուսաստան արտահանման նկատմամբ։ Նա այս փաթեթը գնահատել է 11 միլիարդ եվրո: