Հետախուզում՝ Վիգեն Սարգսյանի նկատմամբ․ նա չի ընդունում մեղքը
Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարցուվել։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Մասնավորապես ի պաշտոնե տիրապետելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, «անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց»:
Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատախազությունից պահանջել է հրապարակել բնակարաններ ստացած զինծառայողների անունները: Նա նշել է, որ, հաշվի առնելով բնակարաններ ստացած անձանց հերոսական ուղին՝ նրանց անունների հրապարակումից հետո հարցեր չեն մնա, թե ինչու են հենց այդ մարդիկ բնակարաններ ստացել: