Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական TVR հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովայում չեզոքությունից հրաժարվելու հարց չկա, բայց պաշտպանունակության ամրապնդման մասին հարկավոր Է հոգ տանել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Հիմա չեզոքությունից հրաժարվելու մասին խոսք չկա, քանի որ չեզոքությունն ամրագրված է Մոլդովայի Սահմանադրությամբ: Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանունակությունը, բայց հարկավոր Է հաշվի առնել քաղաքացիների կարծիքը: Եթե վերլուծենք վերջին հարցումները, ապա կարելի Է տեսնել, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունն առաջվա պես կարծում է, թե չեզոքությունը պետք է պահպանվի: Եվ մենք հարգում ենք քաղաքացիների այս ընտրությունը», - ասել է Սանդուն։
«Մենք նաև պետք է շարունակենք լրջորեն քննարկել այն հարցը, թե ինչ պետք է անել մեզ պաշտպանելու համար: Արդյո՞ք մենք կարող ենք ինքնուրույն ապահովել խաղաղությունն ու հանգստությունը: Ստեղծված իրավիճակում դա շատ կարևոր է»,- ընդգծել է Մոլդովայի նախագահը:
Մեկնաբանելով Ռումինիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին խոսակցությունները՝ նա ընդգծել է, որ որևիցե պաշտոնի չի հավակնում Ռումինիայում։
«Ցանկանում եմ հստակեցնել իրավիճակը. ես Ռումինիայում որևէ պաշտոնի չեմ հավակնում: Գիտեմ, որ Պրուտի մյուս ափին կան Ռումինիայի քաղաքացիներ, որոնք հետևում են Մոլդովայում տիրող իրադրությանը, նրանցից շատերը բարձր են գնահատում այն, ինչ մենք անում ենք Քիշնևում: Մենք շատ երախտապարտ ենք նրանց: Մենք այստեղ շատ կարևոր խնդիրներ ունենք. մենք պետք է (...) Մոլդովան բերենք Եվրամիություն: Դրանք կարևոր և դժվարին խնդիրներ են, և մենք ակնկալում ենք Ռումինիայի օգնությունը», - եզրափակել Է Սանդուն:
Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ Մայա Սանդուն հարցազրույց էր տվել Politico հրատարակությանը, որտեղ չէր բացառել չեզոքությունից հրաժարվելու հնարավորությունը։
«Այս պահին լուրջ քննարկում է ընթանում մեզ պաշտպանելու մեր կարողության մասին: Կարո՞ղ ենք արդյոք մենք դա ինքներս անել, թե պետք է ավելի խոշոր դաշինքի մաս կազմենք: Եվ եթե ինչ-որ պահի մենք, որպես ազգ, գանք այն եզրակացության, որ մեզ հարկավոր Է փոխել չեզոքությունը, ապա դա պետք է տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով», - ասել էր նախագահը` պատասխանելով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին։