Փաշինյանի աշխատակազմը մանիպուլացրել է հասարակությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Այդ ժամանակ մամուլի հաղորդագրություն տարածվեց նախորդ տարվա կոմիտեի գործունեության մի քանի ցուցանիշների մասին:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022 թվականին հավաքագրվել եւ պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ՝ 200%-ով ավելի։ Ավելի ուշ, սակայն, վարչապետի պաշտոնական կայքում վերոհիշյալ մամուլի հաղորդագրությունը ենթարկվել է փոփոխությունների․ խմբագրված տարբերակում փոփոխվել է վարձակալության տրված գույքի դիմաց հավաքագրված գումարների թիվը՝ 11 մլրդ դրամից դառնալով 470 մլն դրամ։ Նախորդ տարվա նկատմամբ 200% աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։
Փաստերի ստուգման հարթակը նկատել է, որ ո՛չ կոմիտեն եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը որեւէ կերպ չեն տեղեկացրել վարձակալությունից ստացված մուտքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում արված էական փոփոխությունների մասին։ Ավելին՝ Պետգույքի կառավարման կոմիտեն հաղորդագրությունը տարածելու հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է վարչապետին ներկայացված հաշվետվության մասին «Լուրերի» պատրաստած ռեպորտաժը, որում վարձակալության դիմաց բյուջե արված մուտքերի վերաբերյալ նշվում է ոչ թե խմբագրված 470 մլն թիվը, այլ 11 միլիարդը։
Ավելին, 11 մլրդ դրամը ոչ թե գույքի վարձակալությունից, այլ անշարժ գույքի օտարումից պետբյուջե մուտքագրված գումարն է։ Փաստենք, որ վարչապետի աշխատակազմը, պետգույքի վարձակալությունից ստացված բյուջեի մուտքերի փոխարեն, նախ ներկայացրել է օտարումից բյուջե մուտքագրված գումարները, դա ներկայացրել է որպես նախորդ տարվա համեմատ 200-տոկոսանոց աճ, այնուհետեւ փոփոխել եւ ներկայացրել է իրական մուտքերը, սակայն նախորդ տարվա համեմատությունը թողել է անփոփոխ, իսկ արված փոփոխության վերաբերյալ որեւէ ծանուցում չի արվել։ Ահա այսպես են մանիպուլացնում հասարակությանը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: