ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին շրջագայել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը: ԱԺ նախագահի կարգադրությունում, սակայն, չի հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ պետք է մոտ օրերս մեկնի Մեքսիկա։ Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վերջին պահին գործուղումը չեղարկվել է՝ որոշել են նման մեծ ծախսեր չանել, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ մեկնումն ԱԺ-ի վրա շատ թանկ կնստի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: