ՆԱՏՕ-ում Թուրքիային խորհուրդ են տվել աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն կարծիքին Է, որ Թուրքիան կարող է միաժամանակ վավերացնել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Ֆինլանդիան և Շվեդիան հայտերը ներկայացրել են միասին, Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում Է ընդունվել այս երկու երկրներին դաշինք հրավիրելու վերաբերյալ, այնուհետև բոլոր դաշնակիցներն ստորագրել են նրանց անդամակցության արձանագրությունը», - իր դիրքորոշումը պարզաբանել Է Ստոլտենբերգը։ Նա հիշեցրել է, որ 28 երկրներ արդեն ստորագրել են արձանագրությունները։
«Այժմ Թուրքիան պետք է որոշի՝ վավերացնել արդյոք մեկ փաստաթուղթը, թե երկուսը միանգամից, ինչպես ես առաջարկում եմ: Դա ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Թուրքիայի որոշումն է: Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, կմեկնի Թուրքիա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Անկարայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության որոշումների վավերացման հարցը։