Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ՆԳՆ-ի հետ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Միգարա Դե Սիլվան, Արմեն Վաթյանը և Ահարոն Մկրտչյանը:
Ողջունելով հյուրերին` Արփինե Սարգսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, հատկապես Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-3) և ներկայացրել համագործակցության շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծմանն ուղղված աշխատանքները։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նույնպես բարձր են գնահատել արդյունավետ փոխգործակցությունը։ Նրանք հետաքրքրվել են ծառայությունների գործունեությամբ և որակով։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հյուրերի ուշադրությանն են հրավիրել նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացվելիք գործընթացներին, այդ թվում կարևորելով նախարարությանը ենթակա երեք ծառայությունների աջակցող ստորաբաժանումների կրճատման և դրանց գործառույթները նախարարության մակարդակում կանոնակարգելու հարցը, որի թվայնացումը կօժանդակի նախարարության ֆուկցիոնալ արդյունավետ գործունեությանը։
Կողմերը քննարկել են նաև Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ հարցեր և պայմանավորվարծություն ձեռք բերել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։