Բայրամով հայտարարել է, թե Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը
2023 թվականի փետրվարի 15-ին ևս մեկ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները:
Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականներ տեղափոխելու համար։
Ըստ նրա՝ Լաչինի ճանապարհին ցուցարարների «օրինական պահանջները» դեռ չեն բավարարվել․ «Տարածաշրջանում իբր «լարված հումանիտար» իրավիճակի մասին հայտարարությունները հիմք չունեն»։